Համառոտ Պրահայի մասին
Պրահան Չեխիայի Հանրապետության մայրաքաղաքն է, որը միաժամանակ նաև հանդիսանում է Եվրոպայի ամենահայտնի հանգստավայրերից մեկը: Այն մի հետաքրքիր քաղաք է, որն իր այցելուներին առաջարկում է արվեստի, երաժշտության, պարերի, ֆիլմերի և թատրոնների հետաքրքիր միաձուլում: Այս իրական եվրոպական ճարտարապետության զարդը մի գեղեցիկ և ռոմանտիկ քաղաք է`ապշեցուցիչ տեսարաններով, խաղաղ այգիներով, գետի վրա նավարկություններով և զբոսանքներով նեղ սալաքարե նրբանցքներով: Ունենալով ավելի քան հազարամյա պատմություն, չեխական մայրաքաղաքն այսօր էլ համարվում է ժամանակակից, ծաղկուն մի քաղաք` շքեղ հյուրանոցներով, որոնք առաջարկում են ինչպես ավանդական չեխական, այնպես էլ համաշխարհային խոհանոցի տարբեր կերակրատեսակներ, մոդայիկ ակումբներով և հիանալի պանդոկներով:
Դա հրաշալիորեն պահպանված մի քաղաք է` հիասքանչ ճարտարապետությամբ, որը չի ավիրվել նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մեծ թվով ապշեցուցիչ հին կառույցներով, ոլորապտույտ փողոցներով և այնպիսի հայտնի տեսարժան վայրերով, ինչպիսիք են`Կարլի Կամուրջը (Charles Bridge), Հին Քաղաքի Հրապարակը (Old Town Square), Պրահայի Ամրոցը (Prague Castle) և այլն: 1992 թվականին քաղաքի պատմական տարածքը, որը զբաղեցնում է ավելի քան 866 հեկտար տարածք, գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային և Բնության Ժառանգության Ցուցակում: Պրահայի հմայքը կարծես կախարդական լինի: Բացի այդ, բնակիչներն այստեղ շատ ջերմ են և հյուրասեր:
Այս քաղաքն ավելի քան 40 տարի գտնվում էր կոմունիստական կառավարման համակարգի ներքո և մինչ 1989 թվականը շատ հազվադեպ էին զբոսաշրջիկներ այցելում այստեղ: Այնուհետև 1989 թվականի Նոյեմբերի 17-ի թավշյա հեղափոխության հետ (որն այժմ Չեխիայում նշվում է որպես տոն և ոչ աշխատանքային օր է) ամեն ինչ փոխվեց, և այսօր Պրահան Եվրոպայի զբոսաշրջիկության ամենահայտնի քաղաքներից մեկն է: Պրահան Չեխական մշակույթի ակունքն ու մայրաքաղաքն է, որտեղ բազմաթիվ գրողներ, նկարիչներ դերասաններ, ատլետներ, մարզիկներ, մոդելներ և ռեժիսորներ են ծնվել: Ամենուր Պրահայում դուք կբացահայտեք քաղաքի բազմաշերտ ու բազմադարյա պատմության վկայությունները, սկսած Սուրբ Հռոմեական Կայսրությունից մինչև Հաբսբուրգների Կայսրություն, առաջին Չեխոսլովակիայի Հանրապետությունից (1918) մինչև Բոհեմիայի և Մորավիայի նացիստական պրոտեկտորատ, Չեխոսլովակիայի Կոմունիստական Հանրապետությունից մինչև ժամանակակից Չեխիայի Ժողովրդավարական Հանրապետություն:
Պրահան իր չափերով շատ հարմար է հանգստյան օրերն այնտեղ անցկացնելու համար:
Այստեղ զբոսաշրջիկների համար նախատեսված կարևորագույն տեսարժան վայրերը հարմարեցված են հետիոտնների համար, որը հնարավորություն է տալիս հաճելիորեն զբոսնել քաղաքով: Պրահայում ընդամենը երեքից չորս օր անցկացնելուց հետո, ձեզ մոտ կարող է մտերմության ու հարազատության հաճելի զգացում առաջանալ քաղաքի հանդեպ: Խորհուրդ է տրվում ձեր այցի առաջին իսկ օրերին «Ոտքով էքսկուրսիա» վերցնել Պրահայով զբոսնելու համար: Դուք կունենաք հաճելի մտերմություն քաղաքի հետ, որից հետո կարող եք շարունակել ձեր հանգիստն անցկացնել այստեղ այցելելով այն տեսարժան վայրերն, որոնք մտադրվել եք այցելել և ուսումնասիրել: Պրահան մեծ հեղինակություն է վայելում ամբողջ աշխարհում որպես զբոսաշրջիկության քաղաք, որի հիմնական պատճառը նրա բացարձակ գեղեցկությունն է և այն մեծ ժառանգությունը, որ նա ստացել է դարերի ընթացքում: Բացի այս ամենից, Պրահան մեծ հեղինակություն է վայելում նաև երիտասարդ զբոսաշրջիկների շրջանում և մի կատարյալ վայր է հանգստյան օրերն այստեղ անցկացնելու համար, լի տարբեր զվարճություններով և գիշերային կյանքով: